Հովհաննես Թումանյան «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ»

Առավոտը վաղ դերվիշը գնում է։ Նրա գնալուց հետո մունետիկները լցվում են Բաղդադի փողոցներն ու հրապարակները, գոռալով հայտարարում, թե՝ թագավորի հրամանն է, փինաչիների խանութները փակ պիտի մնան. էսօրվանից էլ ոչ ոք իրավունք չունի էդ արհեստով պարապելու։ Զանցառուների գլուխները կթռչեն։

Խեղճ Հասանի ձեռքից էլ բիզը խլում են, վզակոթին տալով դուրս անում իր նեղլիկ խանութից ու դուռը փակում։

Մյուս գիշերը, դարձյալ դերվիշի շոր մտած, Հարուն Ալ Ռաշիդ թագավորը գնում է քաղաք շրջելու։ Դարձյալ անցնում է էն փողոցով, ուր ապրում էր ուրախ Հասանը։ Դարձյալ երգի ու երաժշտության ձայներ է լսում նրա տանից։ Ներս է մտնում։

— Օ՜, բարով, բարով, դերվիշ բաբա, համեցեք, նստիր քո տեղը։

Նստում են, ուտում, խմում, ածում, երգում, ուրախանում մինչև կեսգիշեր։

Կեսգիշերին երաժիշտներն իրենց վարձն առնում են հեռանում։ Մնում են տան տերն ու հյուրը։

— Գիտե՞ս ինչ պատահեց, դերվիշ բաբա։

— Ի՞նչ պատահեց։

— Հենց էն, ինչ որ դու գուշակեցիր երեկ իրիկուն։ Էսօր թագավորը հրաման հանեց՝ մեր արհեստն արգելեց…

— Ի՞նչ ես ասում,— զարմանում է հյուրը։ — Հապա ո՞րտեղից փող գտար, որ էս գիշեր էլ քեֆ սարքեցիր։

— Մի կավե կուժ եմ գտել, հիմի էլ ջուր եմ ծախում։ Օրական ինչ աշխատում եմ՝ մի մասը տալիս եմ ապրուստի, մյուսը երաժիշտներին ու դարձյալ քեֆ եմ անում։

— Իսկ եթե թագավորը ջուր ծախելն էլ արգելի, էն ժամանակ ի՞նչ ես անելու։

— Ջուր ծախելով թագավորին ի՞նչ վնաս ենք տալի, որ արգելի։ Եվ ինչո՞ւ էսօրվանից դարդ անեմ դրա համար։ Երբ որ կարգելի, էն ժամանակ կմտածեմ։ Մի՛ վախենար, բարեկամ, երբեք չի պակսիլ մի կտոր հաց ու մի անկյուն, որ ես էնտեղ ուրախանամ։

— Անպակաս լինի ուրախությունը քո օջախից, ով Հասան,—բարեմաղթում է դերվիշն ու հեռանում։

Հարցեր և առաջադրանքներ՝

1․ Բառարանի օգնությամբ բացատրիր Բ հատվածի մգեցված բառերը։

մունետիկները-Որևէ բան հռչակող՝ արտահայտող՝ ջատագովող: Սնանկացած դոգմատիզմի լեղապատառ մունետիկը

վզակոթին-վզի ետևի մասը

օջաղ-գերդաստան

2․Վերնագրիր հատվածը բառով, բառակապակցությամբ, նախադասությամբ։

Թագավորը արգելեց արհեստը

3․ Ի՞նչ կարծիք կազմեցիր թագավորի մասին։

Թագավորը շատ չար էր և նախանձ: