Էլեկտրական հոսանք

Էլեկտրական հոսանք

Էլեկտրական լիցքերը կարող են տեղաշարժվել, հաղորդվել, առաջացնելով  էլեկտրական հոսանք: Ըստ իրենց լիցք հաղորդելու հատկության, նյութերը բաժանվում են հաղորդիչների և մեկուսիչների:
Էլեկտրականության հաղորդիչներ են. մետաղները, գրաֆիտը, մարդու և կենդանիների մարմինները, խոնավ հողը և այլն։
Ոչ հաղորդիչներ կամ մեկուսիչներ են. ապակին, չոր փայտը, ռետինը, մարմարը և այլն։

Հաղորդիչներով լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումը, որի արդյունքում տեղի է ունենում լիցքի տեղափոխություն, կոչվում է էլեկտրական հոսանք:
Էլեկտրական հոսանքի շնորհիվ են լուսավորվում քաղաքներն ու գյուղերը, ջեռուցվում բնակարանները: Էլեկտրական հոսանքով են աշխատում բազմաթիվ կենցաղային սարքեր:

Էլեկտրական հոսանքի առաջացման համար անհրաժեշտ են հոսանքի աղբյուրներ և հաղորդալարեր, որոնց միջոցով էլեկտրական հոսանքն էլեկտրակայաններից մեր բնակարաններ կհասնի:
Որոշ կենցաղային սարքերի, օրինակ` ձեռքի լուսարձակի, հեռակառավարման վահանակի, հաշվիչի աշխատանքի համար օգտագործում են  գալվանական տարրեր, ավտոմեքենաներում` կուտակիչներ:
Էլեկտրակայանները, գալվանական տարրերը, կուտակիչները կոչվում են հոսանքի աղբյուրներ:

Հոսանքի աղբյուրներն ունեն երկու բևեռդրական «+» և բացասական «–»: Հոսանքի աղբյուրը սարքին պետք է միացնել այնպես, որ աղբյուրի «+» բևեռը համընկնի սարքի «+» բևեռին, իսկ աղբյուրի «–» բևեռը սարքի «–» բևեռին:

Էլեկտրական սարքը աշխատեցնելու համար այն հաղորդալարերով միացնում են հոսանքի աղբյուրին՝ կազմելով էլեկտրական շղթա:

Օրինակ

Շարժանկարում պատկերված է պարզագույն էլեկտրական շղթան՝ կազմված հոսանքի աղբյուրից, լամպից, անջատիչից և դրանք իրար միացնող հաղորդալարերից:

Երբ շղթան փակ է, դրանով հոսանք է անցնում, երբ բաց է՝ ոչ:

Լրացուցիչ աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ է էլեկտրական հոսանք:

Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն անվանում են էլեկտրական հոսանք:

  1. Ո՞ր նյութերն են էլեկտրականության հաղորդիչները:

Այն մարմինները, որոնք ընդունակ են իրենց միջով էլեկտրական լիցք հաղորդել, կոչվում են էլեկտրականության հաղորդիչներ: Օրինակ՝ մետաղ, գրաֆիտ, մարդու և կենդանիների մարմինները:

Կայծակ

Երբ երկու լիցքավորված մարմիններ բավականաչափ մոտեցնում են իրար, դրանց միջև առաջանում է կայծ և լսվում է ճայթյուն: Այս երևույթն անվանում են էլեկտրական պարպում:

Կայծակը էլեկտրական պարպում է, որը տեղի է ունենում մթնոլորտում և ուղեկցվում է որոտով:
Կայծակ կարող է առաջանալ երկու էլեկտրականացված ամպերի կամ ամպի ու Երկրի միջև:

Ամպրոպային ամպերը կազմված են ջրի կաթիլներից և փոքրիկ սառցակտորներից: Ներքևից բարձրացող տաք օդի հոսանքների շնորհիվ այդ մասնիկներն անընդհատ բախվում են իրար և, որպես արդյունք` լիցքավորվում: Երբ լիցքերի քանակությունը բավականաչափ մեծանում է, ամպից որոշ էլեկտրոններ օդով հասնում են Երկիր՝ ստեղծելով անցուղի մնացած լիցքավորված մասնիկների համար․ առաջանում է կայծակ։

Այդ պրոցեսը տևում է շատ կարճ, ջերմաստիճանը հասնում է տաս հազար աստիճանի, տեղի է ունենում կարճատև լուսարձակում։
Օդի արագ ընդարձակման հետևանքով առաջանում է նաև հարվածային ալիք, և մենք լսում ենք որոտը: Կայծակն օժտված է ահռելի էներգիայով և կարող է շատ վտանգավոր լինել: Խփելով տարբեր մարմինների՝ կայծակը կարող է մեծ վնասներ պատճառել. հալել մետաղե իրերը, այրել ծառերը, սպանել մարդկանց և կենդանիներին:

Ինչպես պաշտպանվել կայծակից

Կայծակը բնության ահեղ երևույթներից է, և նրա հարվածը խիստ վտանգավոր է։ Այն ավելի հաճախ հարվածում է Երկրի մակերևույթից վեր խոյացող առարկաներին, շինություններին, ծառերին, կենդանիներին և մարդկանց։
Շենքերը կայծակի հարվածից պաշտպանում են հատուկ սարքերի՝  շանթարգելների  օգնությամբ:
Շանթարգելը մետաղյա ձող է, որն ամրացվում է շինության պատի երկայնքով։ Ձողի վերին սրածայր մասը  պաշտպանվող շենքից բարձր է՝ ստորին մասը հողակցված։Ամպրոպաբեր ամպերից էլեկտրական լիցքերը շանթարգելի միջով անցնում են հողի մեջ՝ չվնասելով շինությունը:

Կայծակից պաշտպանվելու համար անհրաժեշտ անվտանգության կանոնները.

1. Կայծակի ժամանակ բաց դաշտում գտնվելը վտանգավոր է:
2. Չի կարելի  պառկել գետնին:
3. Եթե հնարավոր չէ արագ հեռանալ, ապա պետք է կքանստել համեմատաբար ցածրադիր տեղում:
4. Քանի որ կայծակը խփում է առավել բարձր մարմիններին, ուստի չպետք է թաքնվել բարձր ծառի տակ:
5. Որքան հնարավոր է` պետք է շուտ դուրս գալ ջրից:
6. Չի կարելի ձեռք տալ մետաղե առարկաներին, պետք է հեռու մնալ դրանցից:
7. Թաքնվել կարելի է խիտ անտառում, քարանձավներում, բնակելի շենքում, ավտոմեքենայում՝ փակելով պատուհանները:
8. Մոտոցիկլետի կամ հեծանվի օգտագործումը վտանգավոր է:

Լրացուցիչ աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նպես է առաջանում կայծակը:Ի՞նչ է որոտը:

Կայծակը առաջանում է էլեկտրական պարպումից։ Որոտը այն ձայնն է, որը հետևում է կայծակին։

  1. Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:

Այն մի մետաղյա ձող է, որը ամրացվում է շենքի վրա։ Կայծակը խփում է շանթարգելին և պարպվում գետնի մեջ։ Այսպիսով այդ էլեկտրական ուժեղ լիցքը շենքին հարվածելու կամ հրդեհ առաջացնելու փոխարեն մտնում է գետնի մեջ։

  1. Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում:

Պետք է հեռու մնալ երկնասլաց առարկաներից, մետաղյա շինություններից, միայնակ ծառերից, խոտի դեզերից և ժայռերից:

Հ.Թումանյան Ախթամար

Ծիծաղախիտ Վանա ծովի
Փոքրիկ գյուղից առափնյա,
Ծովն է մըտնում գաղտագողի
Ամեն գիշեր մի տըղա:

Ծովն է մըտնում առանց նավակ,
Բազուկներով առնացի
Ջուրը ճողփում, լող է տալի
Դեպի կըղզին դիմացի:

Խավար կըղզուց պարզ ու պայծառ
Մի լույս կանչում է նըրան,
Մի վառ փարոս նըրա համար,
Չըմոլորի իր ճամփան:

Սիրուն Թամարն ամեն գիշեր
Այնտեղ կըրակ է անում,
Եվ ըսպասում է անհամբեր
Այնտեղ` մոտիկ դարանում:

Ծըփում ծովն ալեծածան,
Ծըփում է սիրտը տըղի.
Գոռում է ծովն ահեղաձայն,
Նա կըռվում է կատաղի:

Եվ Թամարը սըրտատըրոփ
Արդեն լըսում է մոտիկ
Ջըրի ճողփյուն, ու ողջ մարմնով
Սիրուց այրվում է սաստիկ:

Լըռեց: Ծովի խավար ափին
Կանգնեց սեւ-սեւ մի ըստվեր…
Ահա եւ նա… իրար գըտան…
Կասկածավո՜ր լուռ գիշեր…

Միայն ալիքը Վանա ծովի
Մեղմ դիպչում են ափերին,
Հըրհըրելով հեռանում են
Շըշունջներով անմեկին:

Նըրանք ասես փըսփըսում են…
Ու աստղերը կամարից
Ակնարկելով բամբասում են
Լիրբ, անամոթ Թամարից…

Բամբասում են կուսի սըրտում…
Ժամ է արդեն… ու կըրկին
Մինն ալեկոծ ծովն է մըտնում,
Մյուսն աղոթում եզերքին…

«Ո՞վ է ջահել էն խիզախը,
Որ հենց հարբած իր սիրով,
Սըրտից հանած ահն ու վախը
Ծովն անցնում է գիշերով։

Ծովն անցնում է մյուս ափերից
Մեր Թամարին համբուրում…
Աղջի՞կ խըլի նա մեր ձեռի՜ց…
Ի՞նչի տեղ է մեզ դընում…»։

Էսպես ասին վիրավորված
Կըղզու միջի ջահելներ
Ու Թամարի ձեռքով վառած
Լույսը հանգցրին մի գիշեր:

Մոլորվեցավ խավար ծովում
Լողորդ տըղան սիրահար,
Ու բերում է հողմը, բերո՜ւմ
Հառաչանքներն՝ «Ա՜խ, Թամա՜ր…»։

Մոտ է ձայնը. խոլ խավարում,
Ժայռերի տակ սեպացած,
Ուր ամեհի ծովն է գոռում,
Մերթ կորչում է խլացած,
Ու մերթ լըսվում ուժասպառ.
«Ա՜խ, Թամա՜ր…»։

Առավոտյան ծովը ծըփաց,
Ափը ձըգեց մի դիակ,
Նըրա շուրթին, պաղ, կարկամած,
Ասես մեռած ժամանակ
Սառել էին երկու բառ.
«Ա՜խ, Թամա՜ր…»։

Այն օրվանից սըրա համար
Կըղզին կոչվեց Ախթամար։

 

Վերլուծություն

Այս լեգենդը մի տղայի մասին է, որը սիրահարված էր Վանա ծովի կղզում ապրող Թամարին: Նա ամեն գիշեր լողում էր Թամարի մոտ, որը լույս էր վառում ինչպես փարոս որպեսզի տղան չմոլորվի: Բայց մի օր նախանձ հարևանները անջատում են փարոսի լույսը և տղան մոլորվում և խեղթվում է Վանա ծովում շուրթերին <<Ախ՜ Թամա՜ր>> ասելով: Եվ այդ օրվանից կղզին ստանում է Ախթամար անունը:

Անծանոթ բառեր

ծիծաղախիտ – ծիծաղուն, ծիծաղալից

գաղտագողի -գողի նման գաղտնի՝ ծածուկ, ծածկաբար, գաղտնաբար

դարան -թաքնվելու՝ պահվելու տեղ

ճողփյուն-ջրի մակերեսին խփելու կամ ջրի մեջ ընկնելու կամ լողանալու ձայնը

ամեհի-անզուսպ, կատաղի

կարկամած-Կուչ եկած, կծկված