Մարմինների էլեկտրականացում

Եթե շփելիս մարմինը ձեռք է բերում այլ առարկաները ձգելու հատկություն, ապա ասում են, որ մարմինն էլեկտրականացել է կամ ձեռք է բերել լիցք:

Լիցքավորված մարմինների փոխազդեցությունն անվանում են էլեկտրական փոխազդեցություն:
Եթե լիցքավորված ձողը մոտեցնեք ջրի բարակ շիթին, կարող ենք համոզվել, որ լիցքավորված մարմինը ձգում է նաև նրան։
Սաթը հույներն անվանում էին «էլեկտրոն»: Այստեղից էլ առաջացել է էլեկտրականություն բառը:
Լիցքավորված մարմինները կարող են ոչ միայն ձգել, այլ նաև`վանել միմյանց:
Ընդունված է մետաքսով շփելիս ապակու վրա առաջացած լիցքն անվանել դրական (+), բրդով շփելիս էբոնիտի վրա առաջացած լիցքը` բացասական (–):

Այսպիսով՝բնության մեջ գոյություն ունեն երկու տեսակի լիցքեր:
Միևնույն նշանի լիցք ունեցող մարմիններն իրար վանում են, տարբեր նշանի լիցքեր ունեցող մարմինները` ձգում:
Շփելիս երկու մարմինն էլ էլեկտրականանում են. մի մարմինը ձեռք է բերում դրական լիցք, իսկ մյուսը` բացասական:
Ինչպես են լիցքավորվում մարմինները:
Հայտնի է, որ բոլոր նյութերի ատոմները կազմված են պրոտոններից, նեյտրոններից և էլեկտրոններից: Էլեկտրոնի լիցքը համարում են բացասական, իսկ պրոտոնինը` դրական: Սովորական վիճակում ատոմի ընդհանուր լիցքը զրո է, քանի որ պրոտոնների և էլեկտրոնների թիվը իրար հավասար է: Մարմինների շփման ընթացքում էլեկտրոնների մի մասը մի մարմնից անցնում է մյուսին: Մարմինը, որին անցել են լրացուցիչ էլեկտրոններ, լիցքավորվում է բացասական լիցքով, իսկ էլեկտրոններ կորցրած մարմինը` դրական լիցքով:

Մարմինների էլեկտրականացված լինելը պարզում են էլեկտրացույցի միջոցով:

Էլեկտրացույցը ունի պարզ կառուցվածք. այն կազմված է մետաղե ձողից և նրան փակցված մետաղե թերթիկներից։ Երբ էլեկտրականացած մարմինը հպում են ձողին, լիցքերը ձողով հաղորդվում են թերթիկներին, որոնք, նույնանուն լիցքերով լիցքավորվելով, վանվում և հեռանում են  միմյանցից:

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ե՞րբ են մարմինները համարվում էլեկտրականացված:

Եթե շփելիս մարմինը ձեռք է բերում այլ առարկաները ձգելու հատկություն, ապա ասում են, որ մարմինն էլեկտրականացել է կամ ձեռք է բերել լիցք:

  1. Ո՞ր էլեկտրական լիցքերն են անվանում դրական , և որո՞նք ՝ բացասական :

Էլեկտրոնի լիցքը համարում են բացասական, իսկ պրոտոնինը` դրական։

Հ. Թումանյանի կենսագրությունը

ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԾՆՆԴԱՎԱՅՐԸ

«Իմ մանկությունը անց եմ կացրել աստվածային շռայլության մեջ…»

Հովհաննես Թումանյանը ծնվել է Հայաստանի հյուսիսային չքնաղ անկյուններից մեկում՝ Լոռվա լեռնային շրջանի Դսեղ գյուղում:

Լոռին ունի պատմական հարուստ անցյալ: Այն դեռևս մ. թ. ա. 3-րդ դարի վերջերից կազմել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիր կամ Տաշրատափ գավառը: Այդտեղ 10-րդ դարի վերջերին կազմավորվել է Կյուրիկյան (Տաշիր-Ձորագետի կամ Լոռու) թագավորությունը՝ ձեռք բերելով քաղաքական անկախություն:

Լոռու բարձրավանդակը, որպես անառիկ պատնեշ, դարեր շարունակ եղել է օտար նվաճողների դեմ հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարի կենտրոններից մեկը:

Լոռու լեռնային շքեղ բնապատկերն ամբողջացնում է Ձորագետի ու Փամբակի միացումից ծնվող Դեբեդ գետը, որի զառիթափ ձորալանջին գտնվում են պատմահնագիտական մեծ նշանակություն ունեցող այնպիսի հուշարձաններ, ինչպիսիք են Սանահինը, Հաղպատը, Քառասնից Մանկանց վանքը, Բարձրաքաշ ս. Գրիգորի վանքը և այլն:

Հուշարձաններով հարուստ խոր ձորի միջով հոսող Դեբեդի աջակողմյան ձորափին էլ՝ մի բարձր հարթավայրի վրա, տարածվում է Դսեղ գյուղը:

Դսեղի տեղագրության ու պատմամշակութային արժեքի համընդգրկուն ու դիպուկ նկարագրությունը տալիս է ինքը՝ բանաստեղծը. «Դսեղ գյուղը… կղզիացած է Լոռու անդնդախոր ձորերի մեջ գտնվող մի փոքրիկ հարթավայրի վերա, երեք կողմից ձորերով, ժայռերով և չորրորդ կողմից՝ հարավից, մի փոքրիկ լեռնաշղթայով պատած… Դսեղը յուր անառիկ ու չքնաղ դիրքով նման է բնակերտ ամրոցի»:

Այս լեռնային բնության գրկում է անցկացրել Թումանյանն իր մանկությունը՝ վայելելով լեռնային անմահական օդը, լեռնային կյանքի ազատությունն ու խաղաղությունը:

Հայրենի Լոռին իր հիասքանչ բնությամբ եղել է բանաստեղծի ոգևորության անսպառ աղբյուրը, իսկ դեռ մանկուց լսած ու սիրած ժողովրդական երգերն ու զրույցները, հեքիաթներն ու լեգենդները՝ նրա ստեղծագործության առատ սնունդը:

ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

«Մանկությունը մարդու կյանքի ամենաընդունակ շրջանն է…»

Հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին (հ. տ. 7-ին), Լոռվա Դսեղ գյուղում` հոգևորականի ընտանիքում։

Փետրվարի 27-ին (հ. տ. 15-ին) Փետրվարի 15-ին մկրտվել և ստացել է պապի անունը՝ Հովհաննես (այս անունն էր կրում նաև մոր կողմի պապը)։ Բացի Հովհաննեսից, Տեր-Թադևոսն ու Սոնան ունեցել են ևս յոթ երեխա՝ չորս տղա և երեք աղջիկ՝Ռոստոմ (1871-1915), Օսան (1874-1926), Իսկուհի (1878-1943), Վահան (1881-1937), Աստղիկ (1885-1953), Արշավիր (1888-1921), Արտաշես (1892-1916)

Չնայած նրա հայրական և մայրական կողմի պապերը սոցիալական տարբեր խավերի են պատկանել, սակայն Թումանյանի մանկության տարիներին այդ տարբերությունը վերածվել էր միայն հիշողության:

Թումանյանների ընտանիքը մինչև նրա վեցամյա հասակը եղել է բազմամարդ: Հովհաննես-աղայի որդիները՝ Ասլանը (Տեր-Թադևոս), Գրիշկան ու Մամը՝ իրենց կանանցով ու զավակներով ապրել են միևնույն հարկի տակ՝ նահապետական սովորություններով և ավանդություններով։

Հովհաննեսից բացի, Տեր-Թադևոսն ունեցել է ևս յոթ զավակ՝ չորս տղա և երեք աղջիկ. նրանցից Ռոստոմն ու Օսանը եղել են Թումանյանի մանկական խաղընկերները:

Բանաստեղծը ծննդավայրում է անցկացրել իր մանկությունը, որը համարել է իր կյանքի ամենապայծառ շրջանը. կարևոր  նշանակություն է տվել այն միջավայրին, որտեղ ձևավորվել են իր  մանկական տպավորություններն ու հիշողությունները:

Թումանյանի մանկական հիշողությունները սկսվում են գրեթե «ոտն ելնելու» շրջանից: Իսկ նա, ինչպես ինքն է գրում, սովորականից շատ վաղ է սկսել քայլել:

Թումանյան նահապետական բազմաճյուղ ընտանիքի մեծ ու փոքր անդամներն իրենց բնորոշ կողմերով անջնջելի դրոշմվել են ապագա բանաստեղծի հիշողության մեջ:

Ընտանիքը, գյուղական միջավայրը, լեռնային հարուստ բնությունը նրա «դպրոցն» էր, իսկ ծնողները, տատերը, գյուղի հեքիաթասացները՝ նրա առաջին «ուսուցիչները»:

Թումանյանի «ուսուցիչների» մեջ առանձնացել է հատկապես հոր կողմի տատը: Նա գեղեցիկ ու կիրթ կին էր, հետևել է թոռան կրթությանը, նրա հագնվելուն ու շարժուձևին` պահանջելով, որ ամեն ինչ մաքուր լինի:

Մանուկ Թումանյանի առաջին հոգևոր սնունդը եղել է ժողովրդական բանահյուսությունը: Նրա հիշողություններում առմիշտ դրոշմվում են մանուկ օրերին լսած ու սիրած պատմական ավանդությունները, զրույցները, առասպելները, հեքիաթները, առակները, երգերը, առածներն ու ասացվածքները՝ համեմված ժողովրդական դարձվածքներով ու ոճերով:

Իսկ Թումանյանի մանկության շրջանի հեքիաթասացներից առանձնանում է ամենակրտսերը` իր խաղընկեր Նեսոն: Նա  օժտված էր ստեղծագործական վառ երևակայությամբ և վիպելու շնորհքով:

Առակախոս ծերերից էլ մանուկ Հովհաննեսի հիշության մեջ տպավորվել են իր քեռիները, հատկապես Քեռի Իսային, որի պատմած լեգենդների հիման վրա էլ գրել է «Շունն ու Կատուն», «Անբախտ վաճառականները», «Արծիվն ու Կաղնին»: Իսկ հորեղբայր Մամից էլ լսել է Լոռու հորովելները, սայլերգերն ու կալերգերը:

Ապագա բանաստեղծի վրա նաև խոր տպավորություն են թողել հոր երգի ու զրույցի երեկոները:

Փոքրիկ Հովհաննեսը թեև նիհար, բայց շատ առողջ, ժիր ու աշխույժ երեխա է եղել: Հրապուրված լինելով հայրենի բնության գեղեցկություններով նախընտրել է բնության մեջ թափառումներն ու զբոսանքներն իր ընկերների հետ:

Շնորհիվ իր այդ թափառումների՝ Թումանյանը մանկուց արդեն ճանաչում էր գյուղի, նրա շրջակայքի ու սարերի հուշարձանները: Նա գիտեր բուսական աշխարհը, վայրի բույսերի, ծաղիկների բուժիչ հատկություններն ու անունները, գիտեր բանջարեղենների զանազան տեսակները:

Գեղեցիկ ու փարթամ բնության գրկում ապրող մանուկ Թումանյանի օրերը միշտ չէ, որ ուրախ են անցել: Մանկությունը նրա հիշողություններում կուտակել է նաև գյուղացիների կյանքից տխուր տպավորություններ ու պատկերներ, որոնք հետագայում պիտի իմաստավորվեին և գեղարվեստորեն մարմնավորվեին:

Այսպիսով` ընտանիքը, միջավայրը, բնությունը, ժողովրդական բանահյությունը, հայրական չոնգուրը, հովվական սրինգը եղել են այն հզոր ազդակները, որոնց ազդեցության ոլորտում բացահայտվել է Թումանյանի ստեղծագործական ձիրքն ու զարգացել նրա գեղարվեստական մտածողությունը:

Continue reading

Լսողական վերլուծիչ

Լսողության նշանակությունը: Լսողության շնորհիվ մարդը զանազանում է միջավայրի բազմաթիվ ձայները և կողմնորոշվում նրանցում: Լսողության օգնությամբ մարդիկ ընկալում են խոսքը, հաղորդակցվում միմյանց հետ, տեղեկատվություն ստանում, սովորում: Լսողության դերը մեծ է նաև մարդու խոսքի և մտավոր զարգացման համար:

Լսողական օրգանի կառուցվածքը

Լսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը  ականջներն են: Ականջը կազմված է երեք բաժնից՝ արտաքին, միջին և ներքին:

image_1058.jpg

Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց: Ականջախեցին հավաքում (որսում) է ձայնային տատանումները և ուղղում դեպի 3 սմ երկարությամբ լսողական արտաքին անցուղի: Լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով,որը սահմանազատում է արտաքին ականջը միջին ականջից:

slide_4.jpg

Միջին ականջը օդով լցված փոքրիկ խոռոչ է, լսողական երեք հոդավորված ոսկրիկներով՝ մուրճիկ, սալ և ասպանդակ: 

Միջին ականջի խոռոչը լսողական փողով (Եվստախյան) հաղորդակցվում է քթըմպանի հետ: Նրանով անցնող օդը հավասարակշռում է ճնշումը թմբկաթաղանթի երկու կողմերում: Հակառակ դեպքում թմբկաթաղանթը կկորանա դեպի օդի փոքր ճնշման կողմը, և ձայնը կաղավաղվի:

Լսողական ոսկրիկները թմբկաթաղանթի տատանումները փոխանցում են ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին:

middle_ear_intro.jpg

Ներքին ականջըգտնվում է քունքոսկրի խորքում, այն խոռոչների և գալարուն խողովակների համակարգ է, որում խխունջն իրականացնում է լսողական գործառույթ:

Խխունջը 2,5 պտույտով հեղուկով լցված ոսկրային խողովակ է, որը երկայնակի միջնորմով բաժանված է երկու հարկերի: Միջնորմի մի մասը կազմված է հիմային թաղանթից, որը բաղկացած է տարբեր երկարության լայնակի ձգված թելերից: Հիմային թաղանթի վրա գտնվում են մազանման զգացող բջիջներ՝ լսողական  ընկալիչները:

Vnutrennee_uho(2).png

Նկարում բերված կիսաբոլոր խողովակները և անդաստակային նյարդը նշել պետք չէ. դա շփոթեցնելու է աշակերտին:

Լսողական վերլուծիչի աշխատանքը

Ականջախեցուց ձայնային ալիքներն անցնում են արտաքին լսողական անցուղով՝ առաջացնելով թմբկաթաղանթի տատանումներ, որոնց ուժը միջին ականջի ոսկրիկների օգնությամբ մեծանում է և փոխանցվում ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին: Այդ թաղանթի տատանումներն առաջացնում են խխունջի ներսում գտնվող հեղուկի շարժումներ, որոնք փոխանցվում են հիմային թաղանթի թելիկներին: Վերջինների տատանումները գրգռում են նյարդային վերջույթները, և առաջացած նյարդային գրգիռը լսողական նյարդով հասնում է մեծ կիսագնդերի կեղևի քունքային բաժին (լսողական կենտրոն), որտեղ կատարվում է ձայնի բնույթի, ուժի, բարձրության վերջնական զանազանումը:

Ականջի կառուցվածքի մասին առավել մանրամասն պատկերացում կազմելու համար, դիտիր այս տեսանյութը: