Լսողության նշանակությունը: Լսողության շնորհիվ մարդը զանազանում է միջավայրի բազմաթիվ ձայները և կողմնորոշվում նրանցում: Լսողության օգնությամբ մարդիկ ընկալում են խոսքը, հաղորդակցվում միմյանց հետ, տեղեկատվություն ստանում, սովորում: Լսողության դերը մեծ է նաև մարդու խոսքի և մտավոր զարգացման համար:
Լսողական օրգանի կառուցվածքը
Լսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը ականջներն են: Ականջը կազմված է երեք բաժնից՝ արտաքին, միջին և ներքին:
![image_1058.jpg](https://resources.cdn.imdproc.am/11948ee4-a751-4833-91c1-065197c4db05/image_1058.jpg)
Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց: Ականջախեցին հավաքում (որսում) է ձայնային տատանումները և ուղղում դեպի 3 սմ երկարությամբ լսողական արտաքին անցուղի: Լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով,որը սահմանազատում է արտաքին ականջը միջին ականջից:
![slide_4.jpg](https://resources.cdn.imdproc.am/caafa152-fb4a-46d8-9fff-cdc760d6c980/slide_4.jpg)
Միջին ականջը օդով լցված փոքրիկ խոռոչ է, լսողական երեք հոդավորված ոսկրիկներով՝ մուրճիկ, սալ և ասպանդակ:
Միջին ականջի խոռոչը լսողական փողով (Եվստախյան) հաղորդակցվում է քթըմպանի հետ: Նրանով անցնող օդը հավասարակշռում է ճնշումը թմբկաթաղանթի երկու կողմերում: Հակառակ դեպքում թմբկաթաղանթը կկորանա դեպի օդի փոքր ճնշման կողմը, և ձայնը կաղավաղվի:
Լսողական ոսկրիկները թմբկաթաղանթի տատանումները փոխանցում են ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին:
![middle_ear_intro.jpg](https://resources.cdn.imdproc.am/afac5db7-50e8-4491-bfc8-99fb4a785c25/middle_ear_intro.jpg)
Ներքին ականջըգտնվում է քունքոսկրի խորքում, այն խոռոչների և գալարուն խողովակների համակարգ է, որում խխունջն իրականացնում է լսողական գործառույթ:
Խխունջը 2,5 պտույտով հեղուկով լցված ոսկրային խողովակ է, որը երկայնակի միջնորմով բաժանված է երկու հարկերի: Միջնորմի մի մասը կազմված է հիմային թաղանթից, որը բաղկացած է տարբեր երկարության լայնակի ձգված թելերից: Հիմային թաղանթի վրա գտնվում են մազանման զգացող բջիջներ՝ լսողական ընկալիչները:
![Vnutrennee_uho(2).png](https://resources.cdn.imdproc.am/f5ed41eb-695a-4733-b47f-56864180aa88/Vnutrennee_uho%282%29.png)
Նկարում բերված կիսաբոլոր խողովակները և անդաստակային նյարդը նշել պետք չէ. դա շփոթեցնելու է աշակերտին:
Լսողական վերլուծիչի աշխատանքը
Ականջախեցուց ձայնային ալիքներն անցնում են արտաքին լսողական անցուղով՝ առաջացնելով թմբկաթաղանթի տատանումներ, որոնց ուժը միջին ականջի ոսկրիկների օգնությամբ մեծանում է և փոխանցվում ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին: Այդ թաղանթի տատանումներն առաջացնում են խխունջի ներսում գտնվող հեղուկի շարժումներ, որոնք փոխանցվում են հիմային թաղանթի թելիկներին: Վերջինների տատանումները գրգռում են նյարդային վերջույթները, և առաջացած նյարդային գրգիռը լսողական նյարդով հասնում է մեծ կիսագնդերի կեղևի քունքային բաժին (լսողական կենտրոն), որտեղ կատարվում է ձայնի բնույթի, ուժի, բարձրության վերջնական զանազանումը:
Ականջի կառուցվածքի մասին առավել մանրամասն պատկերացում կազմելու համար, դիտիր այս տեսանյութը: