Հ. Թումանյանի կենսագրությունը

ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԾՆՆԴԱՎԱՅՐԸ

«Իմ մանկությունը անց եմ կացրել աստվածային շռայլության մեջ…»

Հովհաննես Թումանյանը ծնվել է Հայաստանի հյուսիսային չքնաղ անկյուններից մեկում՝ Լոռվա լեռնային շրջանի Դսեղ գյուղում:

Լոռին ունի պատմական հարուստ անցյալ: Այն դեռևս մ. թ. ա. 3-րդ դարի վերջերից կազմել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիր կամ Տաշրատափ գավառը: Այդտեղ 10-րդ դարի վերջերին կազմավորվել է Կյուրիկյան (Տաշիր-Ձորագետի կամ Լոռու) թագավորությունը՝ ձեռք բերելով քաղաքական անկախություն:

Լոռու բարձրավանդակը, որպես անառիկ պատնեշ, դարեր շարունակ եղել է օտար նվաճողների դեմ հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարի կենտրոններից մեկը:

Լոռու լեռնային շքեղ բնապատկերն ամբողջացնում է Ձորագետի ու Փամբակի միացումից ծնվող Դեբեդ գետը, որի զառիթափ ձորալանջին գտնվում են պատմահնագիտական մեծ նշանակություն ունեցող այնպիսի հուշարձաններ, ինչպիսիք են Սանահինը, Հաղպատը, Քառասնից Մանկանց վանքը, Բարձրաքաշ ս. Գրիգորի վանքը և այլն:

Հուշարձաններով հարուստ խոր ձորի միջով հոսող Դեբեդի աջակողմյան ձորափին էլ՝ մի բարձր հարթավայրի վրա, տարածվում է Դսեղ գյուղը:

Դսեղի տեղագրության ու պատմամշակութային արժեքի համընդգրկուն ու դիպուկ նկարագրությունը տալիս է ինքը՝ բանաստեղծը. «Դսեղ գյուղը… կղզիացած է Լոռու անդնդախոր ձորերի մեջ գտնվող մի փոքրիկ հարթավայրի վերա, երեք կողմից ձորերով, ժայռերով և չորրորդ կողմից՝ հարավից, մի փոքրիկ լեռնաշղթայով պատած… Դսեղը յուր անառիկ ու չքնաղ դիրքով նման է բնակերտ ամրոցի»:

Այս լեռնային բնության գրկում է անցկացրել Թումանյանն իր մանկությունը՝ վայելելով լեռնային անմահական օդը, լեռնային կյանքի ազատությունն ու խաղաղությունը:

Հայրենի Լոռին իր հիասքանչ բնությամբ եղել է բանաստեղծի ոգևորության անսպառ աղբյուրը, իսկ դեռ մանկուց լսած ու սիրած ժողովրդական երգերն ու զրույցները, հեքիաթներն ու լեգենդները՝ նրա ստեղծագործության առատ սնունդը:

ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

«Մանկությունը մարդու կյանքի ամենաընդունակ շրջանն է…»

Հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին (հ. տ. 7-ին), Լոռվա Դսեղ գյուղում` հոգևորականի ընտանիքում։

Փետրվարի 27-ին (հ. տ. 15-ին) Փետրվարի 15-ին մկրտվել և ստացել է պապի անունը՝ Հովհաննես (այս անունն էր կրում նաև մոր կողմի պապը)։ Բացի Հովհաննեսից, Տեր-Թադևոսն ու Սոնան ունեցել են ևս յոթ երեխա՝ չորս տղա և երեք աղջիկ՝Ռոստոմ (1871-1915), Օսան (1874-1926), Իսկուհի (1878-1943), Վահան (1881-1937), Աստղիկ (1885-1953), Արշավիր (1888-1921), Արտաշես (1892-1916)

Չնայած նրա հայրական և մայրական կողմի պապերը սոցիալական տարբեր խավերի են պատկանել, սակայն Թումանյանի մանկության տարիներին այդ տարբերությունը վերածվել էր միայն հիշողության:

Թումանյանների ընտանիքը մինչև նրա վեցամյա հասակը եղել է բազմամարդ: Հովհաննես-աղայի որդիները՝ Ասլանը (Տեր-Թադևոս), Գրիշկան ու Մամը՝ իրենց կանանցով ու զավակներով ապրել են միևնույն հարկի տակ՝ նահապետական սովորություններով և ավանդություններով։

Հովհաննեսից բացի, Տեր-Թադևոսն ունեցել է ևս յոթ զավակ՝ չորս տղա և երեք աղջիկ. նրանցից Ռոստոմն ու Օսանը եղել են Թումանյանի մանկական խաղընկերները:

Բանաստեղծը ծննդավայրում է անցկացրել իր մանկությունը, որը համարել է իր կյանքի ամենապայծառ շրջանը. կարևոր  նշանակություն է տվել այն միջավայրին, որտեղ ձևավորվել են իր  մանկական տպավորություններն ու հիշողությունները:

Թումանյանի մանկական հիշողությունները սկսվում են գրեթե «ոտն ելնելու» շրջանից: Իսկ նա, ինչպես ինքն է գրում, սովորականից շատ վաղ է սկսել քայլել:

Թումանյան նահապետական բազմաճյուղ ընտանիքի մեծ ու փոքր անդամներն իրենց բնորոշ կողմերով անջնջելի դրոշմվել են ապագա բանաստեղծի հիշողության մեջ:

Ընտանիքը, գյուղական միջավայրը, լեռնային հարուստ բնությունը նրա «դպրոցն» էր, իսկ ծնողները, տատերը, գյուղի հեքիաթասացները՝ նրա առաջին «ուսուցիչները»:

Թումանյանի «ուսուցիչների» մեջ առանձնացել է հատկապես հոր կողմի տատը: Նա գեղեցիկ ու կիրթ կին էր, հետևել է թոռան կրթությանը, նրա հագնվելուն ու շարժուձևին` պահանջելով, որ ամեն ինչ մաքուր լինի:

Մանուկ Թումանյանի առաջին հոգևոր սնունդը եղել է ժողովրդական բանահյուսությունը: Նրա հիշողություններում առմիշտ դրոշմվում են մանուկ օրերին լսած ու սիրած պատմական ավանդությունները, զրույցները, առասպելները, հեքիաթները, առակները, երգերը, առածներն ու ասացվածքները՝ համեմված ժողովրդական դարձվածքներով ու ոճերով:

Իսկ Թումանյանի մանկության շրջանի հեքիաթասացներից առանձնանում է ամենակրտսերը` իր խաղընկեր Նեսոն: Նա  օժտված էր ստեղծագործական վառ երևակայությամբ և վիպելու շնորհքով:

Առակախոս ծերերից էլ մանուկ Հովհաննեսի հիշության մեջ տպավորվել են իր քեռիները, հատկապես Քեռի Իսային, որի պատմած լեգենդների հիման վրա էլ գրել է «Շունն ու Կատուն», «Անբախտ վաճառականները», «Արծիվն ու Կաղնին»: Իսկ հորեղբայր Մամից էլ լսել է Լոռու հորովելները, սայլերգերն ու կալերգերը:

Ապագա բանաստեղծի վրա նաև խոր տպավորություն են թողել հոր երգի ու զրույցի երեկոները:

Փոքրիկ Հովհաննեսը թեև նիհար, բայց շատ առողջ, ժիր ու աշխույժ երեխա է եղել: Հրապուրված լինելով հայրենի բնության գեղեցկություններով նախընտրել է բնության մեջ թափառումներն ու զբոսանքներն իր ընկերների հետ:

Շնորհիվ իր այդ թափառումների՝ Թումանյանը մանկուց արդեն ճանաչում էր գյուղի, նրա շրջակայքի ու սարերի հուշարձանները: Նա գիտեր բուսական աշխարհը, վայրի բույսերի, ծաղիկների բուժիչ հատկություններն ու անունները, գիտեր բանջարեղենների զանազան տեսակները:

Գեղեցիկ ու փարթամ բնության գրկում ապրող մանուկ Թումանյանի օրերը միշտ չէ, որ ուրախ են անցել: Մանկությունը նրա հիշողություններում կուտակել է նաև գյուղացիների կյանքից տխուր տպավորություններ ու պատկերներ, որոնք հետագայում պիտի իմաստավորվեին և գեղարվեստորեն մարմնավորվեին:

Այսպիսով` ընտանիքը, միջավայրը, բնությունը, ժողովրդական բանահյությունը, հայրական չոնգուրը, հովվական սրինգը եղել են այն հզոր ազդակները, որոնց ազդեցության ոլորտում բացահայտվել է Թումանյանի ստեղծագործական ձիրքն ու զարգացել նրա գեղարվեստական մտածողությունը:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԴՍԵՂՈՒՄ, ՋԱԼԱԼՕՂԼԻՈՒՄ

Հովհ. Թումանյանը նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում: Նրա առաջին ուսուցիչը, որից սովորել է իր նախնական գրաճանաչությունը, եղել է հայրը՝ Տեր-Թադևոսը՝ գյուղի գրագետ ու առաջադեմ անձնավորություններից մեկը:

Ապա՝ ութ տարեկան հասակում գյուղի մի խումբ երեխաների հետ հաճախել է իր հորեղբոր՝ Գրիշկա բիձու նորաբաց դպրոցը, որտեղ աշակերտները մատիտներն արճիճից էին պատրաստում, թանաքն էլ՝  կակաչ ծաղկից: Բացի գրել-կարդալուց, մանուկ Հովհաննեսը հորեղբոր մոտ սովորել է նաև երգել, քանի որ Գրիշկա բիձան «լավ ձայնավոր տիրացու» էր: Այստեղ Թումանյանը սովորել է մի քանի ամիս. ուսուցումն անկանոն է եղել  և շուտով դադարել է:

Այնուհետև մանուկ Հովհաննեսն ընդունվել է Սահակ վարժապետի դպրոցը:

Թումանյանի մոր՝ Սոնայի նախաձեռնությամբ Դսեղի հասարակության, ի դեմս հոգաբարձուների, և տիրացու Սահակի միջև կնքվել է պայմանագիր, որի համաձայն՝ վերջինիս տարեկան վճարվելու էր 130 ռուբլի, և աշակերտների թիվը չէր գերազնացելու 35-ը:

Սահակ վարժապետի դպրոցը Տեր-Թոդիկյան տիպի էր. նա մտավոր չնչին պաշարի դիմաց կիրառում էր մանկավարժական խիստ մեթոդներ՝ երկաթե գավազանով ու մեծ կաղնենու քանոնով ծեծ, հայհոյանք:

Այն ժամանակ նման անաստված ծեծն ընդունված էր գյուղական ուսումնարաններում: «Մանկավարժական տեռորից» Թումանյանը զերծ է մնացել.  ինչպես բանաստեղծն ինքն է գրել ինքնակենսագրական նոթերում. «վարժապետը քաշվում էր հորիցս, մանավանդ մորիցս էր վախենում»:

Սահակ վարժապետի դպրոցում Թումանյանը սովորել է մեկ տարուց ոչ ավելի (1878/79 ուս. տարում): Դպրոցական առաջին տարիներին բանաստեղծը գիտելիքի մեծ պաշարի փոխարեն ստացել է այն նվազագույնը, որը անհրաժեշտ էր բորբոքելու իմացության ծարավը և մղելու ինքնազարգացմանը:

Այս դպրոցի փակվելուց հետո սկսվում է Թումանյանի ուսումնառության հաջորդ փուլը Ջալալօղլում:

 

1879 թվականի օգոստոսին Տեր-Թադևոսն իր տասնամյա որդուն՝ Հովհաննեսին տանում է Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում ուսանելու նպատակով: Սակայն տեսնելով ֆարաջանավոր աշակերտների դեղնած դեմքերը, հրաժարվում է իր մտադրությունից:

Էջմիածնից Դսեղ վերադառնալուց հետո, հայրը լսում է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցի մասին: 1879 թվականի աշնանը, երկու որդիներին՝ Հովհաննեսին և Ռոստոմին տանում է այնտեղ՝ ուսանելու Տիգրան վարժապետի նախաձեռնությամբ հիմնադրված առավել մեծ ու օրինակելի դպրոցում:

Տիգրան Տեր-Դավթյանը Տեր-Թադևոսի մտերիմներից էր:

Թումանյանի՝ Ջալալօղլու դպրոցն ընդունվելու պահին, աշակերտության թիվը տղաների դպրոցում եղել է 125, աղջիկների դպրոցում՝ 60 հոգի:

Դպրոցն ուներ կանոնավոր ուսուցչական կազմ՝ չորս ուսուցիչ և երկու ուսուցչուհի: Այստեղ մանկավարժական նոր մոտեցմամբ ուսուցանվում էին հետևյալ առարկանները՝ հայոց լեզու, պատմություն, ռուսաց լեզու, աշարհագրություն, թվաբանություն, երգեցողություն, ֆրանսերեն, ֆիզիկա և ընդհանուր պատմություն:

Դպրոցի տեսուչը, աշխարհագրության և պատմության ուսուցիչը Տիգրան Տեր-Դավթյանն էր՝ ժամանակի կիրթ ու զարգացած անհատներից մեկը:

Թումանյանը առանձնապես սիրում էր ուսուցչի պատմության դասերը, մանավանդ երբ նա պատմում էր իր ճանապարհորդական տպավորությունները Կ.Պոլսից, Երուսաղեմից ու Եգիպտոսից:

Տիգրան Տեր-Դավթյանը,  աշակերտների ուսումնական առաջադիմությունը բարձրացնելու նպատակով՝   իր տանը կազմակերպում էր «սերտողության» դասեր, որոնց հաճախում էր նաև Թումանյանը: Դասերն անցկացնում էր Տիգրան վարժապետի ավագ դուստրը՝ Վերգինեն:

Ուսուցիչն ուներ նաև հարուստ գրադարան, որից օգտվում էին աշակերտներն ընթերցանության ժամերին. դրանց երբեմն մասնակցում էր նաև Տիգրան վարժապետը՝ թարգմանաբար կարդալով հատվածներ Հյուգոյի «Թշվառներ»-ը ֆրանսերեն պատկերազարդ հրատարակությունից:

Այդ երեկոների ջերմ մթնոլորտում էլ պատանի Թումանյանի մեջ ձևավորվում է քնքուշ մտերմության մի զգացում Վերգինեի նկատմամբ: Ի պատասխան վերջինիս այն նկատողությանը. «Չլինի թե ինձնով տարված, դասերիդ մասին մոռանաս», Թումանյանը գրում է իր առաջին սիրային ոտանավորը՝ «Հոգուս հատոր»-ը (1881) (այն առաջինն է պահպանվածների մեջ):

Այդ ժամանակ է, որ պատանի Թումանյանը աչքի է ընկնում իր բանաստեղծական ձիրքով՝ գրելով ոչ միայն սիրային, այլև հայրենասիրական և երգիծական բնույթի ոտանավորներ: Օրինակ՝ «Օրորքը» (1882 թ.), «Երբ որ կանցնի ձմեռն սաստիկ» (1883 թ.), «Հայ վաճառականը» (1883 թ.):

1882-1883 ուսումնական տարվա հետ ցարական կառավարության հրամանով ավարտվում է և դպրոցի քառամյա գոյության պատմությունը, և Թումանյանը վերադառնում է գյուղ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *